ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը
13.04.2014 | 23:22

Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Առավոտյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս» շարականի երգեցողությունից և օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության կարգ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ներկա մանուկներին, բացատրեց Ծաղկազարդի խորհուրդն ու մաղթեց, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի բոլոր հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք: «Թո՛ղ որ Աստծո օրհնությամբ հասակ առնեք, արժանավոր զավակները լինեք ձեր ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, շենացնեք մեր Մայր Հայրենիքը` փառք ու պատիվ հավելելով նախնյաց ավանդությանը և գովարժան վարքով ծառայեք ազգիս հայոց», – ասաց Նորին Սրբությունը: «Պահպանիչ» աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը փոքրիկներին տոնի առիթով խաչեր նվիրեց, ապա օրհնված ճյուղերը բաժանվեցին ներկա գտնվող հավատացյալներին:
Այնուհետև Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը: Մայր Տաճարում հավաքված մանուկներին համեմատելով Երուսաղեմում Հիսուսին փառաբանողների հետ` Սրբազանը նշեց` այսօր Երուսաղեմի օրինակով Սուրբ Էջմիածինը նույնպես դղրդաց այս մանուկների ուրախությունից:
Իսկ հավարտ Ս. Պատարագին, դարձյալ կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ժամանակ բոլոր երեխաներին հրավիրեցին Մայր Տաճարի ատյան, ուր անձամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց նրանց:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ